ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Ի՞նչ է ճիշտ և սխալ քաղաքականությունը. ինչպե՞ս պահպանել պետությունը

Ի՞նչ է ճիշտ և սխալ քաղաքականությունը. ինչպե՞ս պահպանել պետությունը
23.04.2026 | 10:52

Որևէ երկրի և նրա ժողովրդի մասին պատկերացում ունենալու համար պետք է նախ և առաջ իմանալ, թե տնտեսական, այն է գիտական, արդյունաբերական և գյուղատնտեսական ինչպիսի ներուժ և գործարարության նախաձեռնողական ձգտումներ ունի այդ երկիրը բնակեցնող ժողովուրդը։ Այս գործոնները, թերևս, հավասարազոր են երկրի ռազմապաշտպանական հնարավորություններին։ ՈՒստի մեկի կամ մյուսների բացակայության պայմաններում երկիրը որպես պետություն, և ժողովուրդը որպես ազգի հոգևոր, մտավոր, ռազմական և տնտեսական ներուժի հավաքական կրող, պատմության վայրիվերումներում քաղաքական ու տնտեսական ասպարեզներում, կկորցնի իր ինքնաբավ լինելու կարողությունը, հետևաբար նաև՝ անկախությունը։

Պատմությունն այսպիսի փաստեր շատ ունի։ Այդ փաստերից մեկը հայերիս պատմական ճակատագիրն է, ինչը մենք հաճախ ընդունում ենք որպես օբյեկտիվ իրողություն, բայց ոչ երբեք` սեփական սխալների հետևանք։ Եթե մենք պարբերաբար անդրադառնանք մեր անցած պատմաքաղաքական ուղուն և վերլուծենք մեր պետականության՝ դիվանագիտական ասպարեզում դրսևորած ճիշտ և սխալ քաղաքականությունը, կհասկանանք ու կըմբռնենք, կգնահատենք ու կվավերացնենք ճիշտն ու լավը: Դրանք էլ հիմք կդառնան մեր պետականության հետագա հզորացման համար և գործոն կհանդիսանան քաղաքական թատերաբեմում մեր ազգի գլխավոր դերակատարությունն ունենալու հարցում։ Մշակութային ասպարեզում մենք մեր խոսքն արդեն ասել ենք։

Նույն կերպ, եթե մերժենք քաղաքական թյուր իրողությունները, որոնք դարձել են մեր սխալ քաղաքական աշխարհընկալման և դիվանագիտական անհեռատես գործունեության հետևանք, ապա մեզ կապահովագրենք ներկա և հետագա քաղաքական սխալներից։

Ահա այդպիսի քաղաքական անհետևողականության և անհեռատեսության պատճառով մենք կորցրինք մեր հայրենիքի մեծագույն մասը և անդառնալիորեն` մեր ժողովրդի մի ստվար հատվածը։ Սխալը կրկնեցինք նաև հիմա՝ թշնամուն զիջելով Արցախ աշխարհը՝ արյունով ու կյանքերով ազատագրված մեր հայրենիքի մի մասի հետ միասին։

Ցավոք, այսօր մեր ժողովուրդը և հայրենիք-պետությունը հայտնվել են աշխարհաքաղաքական, նաև դիվանագիտական թյուր, անհեռատես, ես կասեի՝ դավադիր, թշնամու պահանջների կամակատար քաղաքականության ոլորտում: Ինչպե՞ս կանխենք և կասեցնենք այս կործանարար գործընթացը:

Քաղաքական այս խառնակ ժամանակներում, երբ չորս կողմը կատարվում են պատերազմական սոսկալի ավերածություններ՝ քաղաքներ են կործանվում, պետություններ են ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջ կանգնում, մեր երկրի առաջին դեմքերն իրենց ապիկար ու անհեռատես՝ «թաղի տղայի» խեղճ ու թույլ վարքով թուլացրեցին մեր պետությունը բոլոր բնագավառներում: Նրանց արածը բնավ, դասական իմաստով, քաղաքականություն չի եղել. գուցե ասեմ՝ դավաճանական գործողությունների դրսևորում է եղել:

Այսօր աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները շարունակում են միմյանց հետ խաղալ այդ «թաղի տղայի» հարաբերությունները, երբ խեղճ ու թույլ կամքի տեր տղերքին ապտակում են ու քացու տակ գցում և այլևս թույլ չեն տալիս, որ իրենց թաղում անգամ այդ տղերքը հանգիստ ու ապահով ապրեն: Անկախության այս 35 տարիների ընթացքում մեր երկիրը ղեկավարող «թաղի տղերքը» ապտակում և քացու տակ էին գցում մեր տան տղերքին, իսկ դրսում հենց իրենց են ապտակել:

Մենք դարձյալ կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ. ու՞մ ընտրենք՝ մեզ ապտակող և քացու տակ գցող, բայց դրսի «լավ տղերքից» ապտակ ուտողների՞ն, թե՞ ձեռքերն ու խիղճը մաքուր հայ մարդկանց, որոնց սիրտը ցավում է մեր ժողովրդի, հայրենիքի և պետականության պահպանման համար։

Գուցե լինեն մարդիկ, որ ճակատագրական ընտրություն ասածիս չհամաձայնեն՝ ասելով. «Դե, ընտրություն է էլի, ոնց որ աշխարհը, այնպես էլ մենք»: Ո՛չ, աշխարհն աշխարհով, բայց մեր ընտրությունը չպետք է կրկնի անցած 35 տարիների մոտեցումը՝ «Մեր ձեռքին ոչինչ չկա, միևնույն է՝ ինչ ուզում, այն էլ անում են»: Հիմա էլ նույն մտայնությունն է նույն մարդկանց մեջ, միայն թե այն տարբերությամբ, որ նփ-ականները այդ 10 հազարը տնետուն ընկած չեն տալիս, այլ նախընտրական շրջանում բարձրացրեցին թոշակը և թոշակառուներին անվճար բուժման ու հետազոտությունների հնարավորություն տվեցին։

Դա ամենաիսկական ընտրակաշառքն է, որից ես հրաժարվում եմ: Ոչ մի տարբերություն չկա նախկինի հետ. այն ժամանակ մարդիկ 5-10 հազար դրամով ծախեցին ոչ թե պարզապես իրենց «ձայնը», այլ մեր երկիրն այս վիճակին հասցնելու վտանգի առաջ կանգնեցրին: Իսկ հիմա նույն այդ մարդիկ (հուսամ, որ նրանցից ոմանք հասկացել են իրենց աններելի սխալը) երախտագետ են Փաշինյանին այդ ընտրակաշառքի համար:

Իրավաբանության մեջ որպես հանցանք են դիտվում և՛ կաշառատվությունը, և՛ կաշառառությունը. երկուսն էլ ախտոտում են հանրության բարոյական դաշտը, որից տուժում է աճող սերունդը: Վերջինս էլ, կրկնելով ավագների հանցավոր ավանդույթները, կշարունակի պետության կառույցները քայքայել մինչև վերջ։

Հենց այդ վերջնակետը չպետք է թույլ տանք այսօր՝ ընտրությունների նախաշեմին: Պետք է առաջնորդվենք ազգի, ժողովրդի, հայրենիքի ու պետության պահպանմամբ և պահպանածը պաշտպանելու անսակարկ նվիրվածությամբ ու պարտականությամբ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող,հրապարակախոս

21․04․2026թ․

Դիտվել է՝ 158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ